404 Error (Not Found)՝ ուղեցույցը և կիրառումը վեբ-կայքերում
Վեբ-կայքերի կառավարման և օպտիմալացման գործընթացում առանցքային նշանակություն ունի սխալների ճիշտ մշակումը։ Ամենատարածված խնդիրներից մեկը HTTP 404 կարգավիճակի կոդն է, որը հայտնի է որպես «Page Not Found» (Էջը չի գտնվել):
Ստորև ներկայացված է 404 սխալի էությունը, դրա ազդեցությունը որոնողական համակարգերի (SEO) վրա և խնդրի կառավարման մեթոդաբանությունը։
- Ի՞նչ է 404 սխալը — HTTP 404 Not Found կոդը ստանդարտ պատասխան է, որը վեբ-սերվերը ուղարկում է բրաուզերին, երբ այցելուի պահանջած URL հասցեն սերվերի վրա գոյություն չունի։ Տեխնիկական տեսանկյունից դա նշանակում է.
- Կլիենտը (բրաուզերը/զննարկիչը) հաջողությամբ կապ է հաստատել սերվերի հետ։
- Սերվերը ընդունել է հարցումը։
- Ռեսուրսը (էջը, նկարը, ֆայլը), որը պահանջվել է, սերվերում բացակայում է։
- 404 սխալի առաջացման հիմնական պատճառները
- Էջի հեռացում — Կայքից ջնջվել է որևէ հոդված կամ ապրանք, և չի կատարվել վերահղում (Redirect):
- URL -ի փոփոխություն — Էջի հասցեն փոխվել է, իսկ հին հղումը մնացել է անփոփոխ։
- Սխալ մուտքագրում — Օգտատերը սխալ է հավաքել URL հասցեն բրաուզերի տողում։
- Կոտրված հղումներ (Broken Links) — Այլ կայքերից կամ նույն կայքի ներսից կատարվել է հղում գոյություն չունեցող էջի։
- 404 սխալի ազդեցությունը SEO-ի և օգտատիրոջ վարքագծի վրա — Հաճախակի հանդիպող 404 սխալները կարող են բացասաբար ազդել կայքի հեղինակության վրա, սակայն ոչ ուղղակիորեն այնպես, ինչպես շատերը ենթադրում են։
- 404 սխալի ազդեցությունը օգտատիրոջ փորձառության (UX) վրա — Սա ամենակարևոր գործոնն է։ Երբ այցելուն բախվում է 404 սխալի, նա հաճախ անմիջապես լքում է կայքը։ Սա հանգեցնում է.
- Բարձր Bounce Rate-ի (Լքման ցուցանիշ) — Որոնողական համակարգերը տեսնում են, որ օգտատերերը չեն գտնում իրենց փնտրածը և արագ դուրս են գալիս։
- Վստահության կորստի — Կոտրված հղումներով կայքը թողնում է անխնամ և ոչ պրոֆեսիոնալ տպավորություն։
- 404 սխալի ազդեցությունը որոնիչների/որոնողական համակարգերի ինդեքսավորման վրա — Google-ը, Яндекс-ը և մյուսները նշում են, որ 404 սխալները ինքնին չեն վնասում ամբողջ կայքի վարկանիշին։ Այդուհանդերձ, կան որոշակի հետևանքներ՝
- Էջի դուրս մնալը ինդեքսից — Եթե էջը վերադարձնում է 404 կոդ, Google-ը ժամանակի ընթացքում այն հեռացնում է որոնման արդյունքներից։
- Link Juice -ի (Հղման կշիռ) կորուստ — Եթե արտաքին կայքերը հղում են կատարում ջնջված էջին, այդ հղումների փոխանցած SEO արժեքը կորչում է, քանի որ էջը գոյություն չունի։
- Hard 404 և Soft 404. Տարբերությունը — Կարևոր է տարբերել իրական և «կեղծ» 404 սխալները։
- Hard 404 (Իրական) — Սերվերը վերադարձնում է հստակ
404 Not Found կարգավիճակ։ Սա ճիշտ մոտեցումն է գոյություն չունեցող էջերի համար։ Google-ը հասկանում է, որ էջը չկա և դադարում է այն ինդեքսավորել։
- Soft 404 (Ծրագրային/Կեղծ) — Օգտատերը էկրանին տեսնում է «Էջը չի գտնվել» գրությունը, սակայն սերվերը տեխնիկապես ուղարկում է
200 OK (Հաջողված) կարգավիճակ։
- 404 սխալի վտանգը — Սա լուրջ տեխնիկական սխալ է։ Google-ը շարունակում է ինդեքսավորել այդ «դատարկ» էջը՝ համարելով այն նորմալ բովանդակություն, ինչը վատնում է սքանավորման բյուջեն (crawling budget) և համարվում է ցածրորակ բովանդակություն։
- 404 Էջի ճիշտ կառուցվածքը (Custom 404 Page) — Ստանդարտ բրաուզերային 404 էջերը ոչ ինֆորմատիվ են։ Օգտատիրոջը կայքում պահելու համար անհրաժեշտ է ունենալ հատուկ ձևավորված (Custom) 404 էջ։
- Արդյունավետ 404 էջը պետք է պարունակի
- Հստակ հաղորդագրություն — Բացատրություն, որ էջը գոյություն չունի (ոչ տեխնիկական լեզվով)։
- Նավիգացիոն մենյու — Հնարավորություն՝ անցնելու գլխավոր էջ կամ հիմնական բաժիններ։
- Որոնման դաշտ — Թույլ է տալիս օգտատիրոջը փնտրել անհրաժեշտ նյութը։
- Օգտակար հղումներ — Հղումներ դեպի հայտնի հոդվածներ կամ ապրանքներ։
- Կայքի ոճավորում — Էջը պետք է ունենա նույն դիզայնը (header, footer), ինչ կայքի մյուս էջերը։
- Ինչպե՞ս վարվել 404 սխալների հետ (Ռազմավարություն) — Վեբ-ադմինիստրատորները պետք է հետևեն հետևյալ տրամաբանությանը՝ 404 սխալները հայտնաբերելիս։
- Եթե էջը տեղափոխվել է կամ ունի համարժեք տարբերակ, այս դեպքում պարտադիր է օգտագործել 301 Redirect:
- հին URL -> Նոր, համապատասխան URL,
- սա թույլ է տալիս պահպանել SEO դիրքերը և ուղղորդել օգտատիրոջը ճիշտ տեղ։
- Եթե էջը ջնջվել է ընդմիշտ և չունի այլընտրանք — Այս դեպքում ճիշտ է թողնել 404 կարգավիճակը (կամ օգտագործել 410 Gone կոդը, որը նշանակում է «հեռացվել է ընդմիշտ»):
- Չի կարելի բոլոր ջնջված էջերը ուղղորդել գլխավոր էջ (Home page) — Google -ը, Яндекс -ը և մյուս որոնիչները սա դիտարկում են որպես Soft 404 սխալ, քանի որ օգտատերը չի ստանում իր փնտրած կոնկրետ ինֆորմացիան։
- Սխալների մշտադիտարկում (Monitoring) — Անհրաժեշտ է պարբերաբար ստուգել կայքը Google Search Console -ի կամ այլ SEO գործիքների (Ahrefs, Screaming Frog) միջոցով՝ հայտնաբերելու և ուղղելու չնախատեսված 404 սխալները։
Վերադառնալ բառարանի հիմնական էջ