Բոտնետը (անգլերեն բառերից՝ robot և network՝ «ռոբոտների ցանց») վնասակար ծրագրերով վարակված համակարգիչների ցանց է։ Այն կարող է ընդգրկել տասնյակից մինչև մի քանի միլիոն սարք, որոնց ֆունկցիաները կառավարվում են հաքերի կողմից։ Վարակված սարքը կոչվում է բոտ կամ զոմբի։ Այն սարքի տերը սովորաբար չի էլ նկատում, որ իր համակարգիչն օգտագործվում է այլոց կողմից։ Բոտնետի ծրագրավորողը կարող է հեռակա կարգով կառավարել գրավված համակարգիչները աշխարհի ցանկացած կետից՝ անանուն կերպով։
Բոտնետը վնասակար ծրագրերով (մալվեր) վարակված համակարգիչների ցանց է։ Կիբերհանցագործները օգտագործում են այս ցանցերը, որոնք բաղկացած են մեծ թվով համակարգիչներից, տարբեր վնասակար գործողություններ իրականացնելու համար՝ առանց դրանց օգտատերերի իմացության։
Չնայած բոտնետներն ինքնին սպառնալիք են, դրանք նաև իդեալական գործիք են երկրորդական սխեմաների և լայնածավալ կիբերհարձակումների համար։ Ստորև ներկայացված են դրանցից առավել բնորոշները։ Բոտնետն ինքնին ոչ թե կիբերհարձակման տեսակ է, այլ դրանց համար նախատեսված ենթակառուցվածք։ Բոտնետները հաճախ օգտագործվում են հետևյալ նպատակներով՝
- Սփամի տարածում — Զանգվածային էլեկտրոնային նամակների ուղարկում։
- Լրտեսող ծրագրերի տեղադրում — Օգտատերերի մասին տեղեկություններ գաղտնի հավաքագրելու համար։
- Մուտքի տվյալների գողություն — Օգտատերերի գաղտնաբառերն ու այլ անձնական տվյալներ գողանալու համար։
- DDoS հարձակումներ — Խոշոր բոտնետը կարող է օգտագործվել DDoS (Distributed Denial of Service) հարձակումների համար։ Այս հարձակումները ուղղորդում են մեծ քանակությամբ տրաֆիկ որևէ կայքի վրա՝ դանդաղեցնելով դրա աշխատանքը կամ ամբողջությամբ անհասանելի դարձնելով։ Սա սերվերի վրա վեբ-տրաֆիկի միջոցով կրիտիկական ծանրաբեռնվածություն ստեղծելն է՝ դրա աշխատանքը խաթարելու նպատակով։ Զոմբի-համակարգիչները հրաման են ստանում անընդհատ դիմել կայքերին կամ առցանց ծառայություններին, ինչի արդյունքում այդ կայքերն ու ծառայությունները որոշ ժամանակով դուրս են գալիս շարքից։
- Ֆիշինգ՝ սա խարդախների փորձն է՝ մարդկանցից արժեքավոր տեղեկություններ կորզելու՝ ներկայանալով որպես հայտնի կազմակերպություններ կամ դրանց ներկայացուցիչներ։ Սովորաբբար սա ներառում է լայնածավալ սպամ-արշավ, որի նպատակն է գողանալ օգտատերերի անձնական տվյալները, ինչպիսիք են մուտքանունները և գաղտնաբառերը՝ բանկային կամ փոստային հաշիվներ մուտք գործելու համար։
- Բրուտֆորս-հարձակումներ՝ սա հատուկ ծրագրային ապահովման միջոցով առցանց հաշիվները կոտրելու փորձ է։ Թույլ գաղտնաբառերը կոտրելու և օգտատերերի հաշիվներ մուտք ստանալու համար հանցագործները գործում են տվյալների փոխանցման և վերամշակման մեթոդով։
Ինչպե՞ս է բոտնետը տարածվում և ո՞ր սարքերն են առավել խոցելի — Բոտնետները տարածվում են տարբեր ճանապարհներով, օրինակ՝
- Էլեկտրոնային փոստի կցորդներ — Վնասակար ֆայլեր պարունակող նամակներ։
- Ֆայլերի և կեղծ ծրագրերի ներբեռնում — Վնասակար ծրագիր ներբեռնող ֆայլեր կամ կեղծ ծրագրեր։
- Չթարմացված ծրագրային ապահովում — Հաքերները թիրախավորում են համակարգերի և ծրագրերի խոցելի կետերը, հատկապես, երբ դրանք թարմացված չեն։
- Ինտերնետ իրերի (IoT) սարքերը՝ խելացի լամպերը, տեսախցիկները և այլն, առավել խոցելի են։ Դրանք վարակելը հաճախ ավելի հեշտ է, քան անձնական համակարգիչը, քանի որ որոշ դեպքերում դրանք կարող են ընդհանրապես չունենալ հակավիրուսային պաշտպանություն։
Այսօր հաքերների թիրախում են ոչ միայն համակարգիչները, այլև այլ «խելացի» սարքեր, ինչպիսիք են տեսախցիկները, խելացի հեռուստացույցները և նույնիսկ ավտոմեքենաները։
- Ինչպե՞ս ճանաչել բոտնետի ակտիվությունը — Հաշվի առնելով բոտնետների վտանգավորությունը՝ կարևոր է իմանալ, թե ինչպես կարելի է հայտնաբերել դրանց ակտիվությունը։ Մեր հաջորդ հոդվածում մենք կմանրամասնենք, թե ինչպես կարելի է ճանաչել բոտերի ակտիվությունը վնասակար ցանցում։
- Ինչո՞ւ պետք է օգտագործել բոտնետներից պաշտպանություն — Ձեր համակարգիչը բոտնետի մաս դառնալու դեպքում կարող է բացասաբար ազդել դրա աշխատանքի վրա։ Մի բոտի հաշվողական հզորությունը հնարավորություն է տալիս արագ և հաճախակի իրականացնել վնասակար գործողություններ՝ առանց հայտնաբերվելու։
Ինչպե՞ս պաշտպանվել բոտնետներից — Բոտնետի մաս չդառնալու համար կարևոր է հետևել անվտանգության հետևյալ կանոններին
- Պարբերաբար թարմացրեք ծրագրային ապահովումը և ուղղեք սխալները։
- Օգտագործեք ինտերնետ անվտանգության լուծումներ բոտնետների դեմ պաշտպանությամբ։ Նման լուծումները հայտնաբերում և արգելափակում են սպառնալիքները, ինչպես նաև օգտագործում են ֆայերվոլ (Firewall)՝ համակարգչի և ինտերնետի միջև կապը զտելու համար։
- Զգույշ եղեք ֆայլեր կամ ծրագրեր ներբեռնելիս և էլեկտրոնային փոստի կցորդներ բացելիս։
Ինչպե՞ս է աշխատում բոտնետը — Բոտնետները ստեղծվում են լայնածավալ հաքերային հարձակումներն ավտոմատացնելու և ինտենսիվացնելու համար։ Առանձին հաքերի կամ նույնիսկ հաքերների թիմի ակտիվությունը սահմանափակվում է իրենց սարքերի հզորությամբ։ Սակայն, ծախսելով որոշակի ժամանակ և միջոցներ, հաքերները կարող են իրենց տրամադրության տակ ունենալ հազարավոր լրացուցիչ համակարգիչներ, ինչը զգալիորեն բարձրացնում է իրենց հարձակումների արդյունավետությունը։ Գրավված սարքերի ցանցը հեռակա կարգով կառավարվում է բոտ-վարպետի կողմից։ Բոտերի ցանցի ձևավորումից հետո բոտ-վարպետը ծրագրավորման հրամանների միջոցով կազմակերպում է դրանց հետագա գործողությունները։ Հաքերների թիմը կարող է ինքնուրույն ստեղծել և կառավարել բոտնետը կամ վարձակալել այն։ Բոտեր կամ զոմբի-համակարգիչներ են կոչվում բոլոր այն վնասակար ծրագրերով վարակված սարքերը, որոնք ընդգրկվել են բոտնետի կազմում։ Այս սարքերը լիովին ենթարկվում են բոտ-վարպետի հրամաններին։
Բոտնետի կազմակերպման փուլերը — Բոտնետի կազմակերպումը տեղի է ունենում մի քանի փուլով՝
- Նախապատրաստում — Հաքերները հայտնաբերում են խոցելիություններ կայքերում, հավելվածներում կամ օգտատերերի վարքագծում։ Այս փուլի նպատակն է գտնել օգտատիրոջ սարքը վնասակար ծրագրերով վարակելու եղանակ։ Դրա համար հաքերները հաճախ օգտագործում են ծրագրային ապահովման և կայքերի խոցելիությունները կամ տարածում են վնասակար ծրագրեր էլեկտրոնային փոստի և առցանց մեսենջերների միջոցով։
- Վարակում — Օգտատերը կատարում է մի գործողություն, որը հանգեցնում է իր սարքի վարակմանը վնասակար ծրագրով։ Երբեմն հաքերները սոցիալական ճարտարագիտության մեթոդներով «գրավում» են օգտատիրոջը՝ տեղադրելու հատուկ տրոյական ծրագիր։ Մյուս դեպքերում նրանք գործում են ավելի ագրեսիվ՝ օգտատերերին գրավում են վարակված կայքեր, որտեղ տեղի է ունենում վնասակար ծրագրերի թաքուն ներբեռնում։ Այսպիսով, կիբերհանցագործներին հաջողվում է հաղթահարել որոշակի քանակությամբ համակարգիչների պաշտպանությունը։
- Ակտիվացում — Հաքերները վերահսկողություն են ստանում այդ համակարգիչների նկատմամբ։ Վարակված սարքերից նրանք ստեղծում են բոտերի ցանց, որը կարող են կառավարել հեռակա կարգով։ Հաճախ կիբերհանցագործներին հաջողվում է վարակել և գրավել հազարավոր, տասնյակ հազարավոր և նույնիսկ միլիոնավոր համակարգիչներ։ Այս կերպ նրանք ստանում են հսկայական զոմբի-ցանցի կառավարում, այսինքն՝ լիարժեք և գործողության պատրաստ բոտնետ։
Ի՞նչ կարող է անել բոտնետը — Վարակված զոմբի-համակարգչում հաքերները ստանում են ադմինիստրատորի իրավունքներով մուտք, ինչը թույլ է տալիս նրանց կատարել հետևյալ գործողությունները`
- կարդալ և գրել համակարգային տվյալներ,
- հավաքել օգտատիրոջ անձնական տվյալներ,
- ուղարկել ֆայլեր և այլ տեղեկատվություն,
- հետևել օգտատիրոջ գործողություններին,
- փնտրել խոցելիություններ այլ սարքերում,
- ներբեռնել և տեղադրել ցանկացած հավելված։
Ինչպե՞ս են հաքերները կառավարում բոտնետը — Բոտնետը կառավարելու համար, նախ, անհրաժեշտ է հրամաններ տալ բոտերին, և երկրորդ՝ դա անել անանուն։ Այդ իսկ պատճառով հաքերները բոտնետները կառավարում են հեռակա կարգով։ Հրամանատարական սերվերը (C&C) բոտնետի կառավարման կենտրոնն է։ Սա բոտ-վարպետի հիմնական սերվերն է, որտեղից բոլոր հրամանները փոխանցվում են զոմբի-համակարգիչներին։ Բոտնետը կարելի է կառավարել ուղղակիորեն կամ անուղղակիորեն։ Դրա համար գոյություն ունեն կառավարման երկու մոդել՝
- Կենտրոնացված «հաճախորդ-սերվեր» մոդել — Այս մոդելի շրջանակում բոտնետը կառավարվում է բոտ-վարպետի կողմից մեկ միասնական սերվերի միջոցով։ Որպես այլընտրանք, հրամանները փոխանցելու համար օգտագործվում են մի քանի լրացուցիչ սերվերներ՝ այսպես կոչված պրոքսիներ։ Երկու դեպքում էլ բոլոր հրամանները գալիս են բոտ-վարպետից և փոխանցվում հետագա հիերարխիայի համաձայն։ Նման կառուցվածքի դեպքում բոտ-վարպետին հնարավոր է հայտնաբերել, ուստի այս մոդելը համարվում է հնացած և ոչ այնքան արդյունավետ։
- Ապակենտրոնացված «հավասար-հավասարին» (P2P) մոդել — Այս մոդելի շրջանակում հրամաններ փոխանցելու իրավունքը բաշխված է բոլոր զոմբի-համակարգիչների միջև։ Քանի դեռ բոտ-վարպետը կարող է կապ հաստատել գոնե մեկ զոմբի-համակարգչի հետ, հրամանները կփոխանցվեն մի սարքից մյուսին։ Այս մոդելի P2P-կառուցվածքը թույլ չի տալիս նույնականացնել բոտ-վարպետին։ P2P-մոդելի առավելություններն ակնհայտ են հնացած կենտրոնացված մոդելի նկատմամբ, ուստի այս մոդելն այժմ շատ ավելի հաճախ է օգտագործվում։
Ամենահայտնի բոտնետների օրինակներ, որոնք «սեղմում» էին գովազդը — Քլիք-բոտերը ներկա են թվային գովազդի՝ կոնտեքստային, թիրախային, CTV, աուդիո և այլնի պատմության մեջ հենց դրա ի հայտ գալու պահից և շարունակում են անհանգստացնել մարքեթոլոգներին ու բիզնեսներին մինչ այսօր։
- Clickbot A։ 2006 թվականին վարակել է 100 հազար համակարգիչ և կարողացել է 50 հազար դոլարի վնաս հասցնել։ Դրա բոտերը գաղտնի «սեղմում» էին սինդիկացված որոնողական ցանցերում տեղադրված գովազդը՝ հարձակվելով Google Գովազդի միջոցով մոնետիզացվող կայքերի որոնողական արդյունքների վրա։
- Stantinko։ Շատ նենգ բոտնետ էր, որը Chrome-ի ընդլայնումների վնասակար բաղադրիչ էր։ Այն օգտատիրոջ բրաուզերում ներդնում էր կողմնակի գովազդ, ինչպես նաև կարող էր տեղադրել գովազդային ծրագրեր, մուտք ստանալ WordPress և Joomla CMS-ներով կայքեր և որոնումներ կատարել Google-ում։ Բաղկացած էր 500 հազար վարակված սարքերից։
- Methbot և 3ve։ Ամենախոշոր բոտնետներից էին։ Դրանց օգնությամբ հանցագործները CTV-գովազդի խարդախությամբ վաստակում էին օրական ավելի քան 3 միլիոն դոլար (ակտիվության գագաթնակետին)։ Ենթադրվում է, որ միայն 3ve-ն գովազդատուներին հասցրել է 29 միլիոն դոլարի վնաս։
Սրանք թվային աշխարհում գոյություն ունեցող կամ եղած բոտնետների միայն մի փոքր մասն են։ Դրանց մի մասը վերացել է ինքնուրույն, մի մասն էլ անջատվել է կիբերպաշտպանական ասոցիացիաների, ընկերությունների, ինչպես նաև կառավարական կազմակերպությունների ուժերով։ Մնացածները մոդիֆիկացվել են և գործում են մինչ օրս, չհաշված, որ պարբերաբար նոր վնասակար ցանցեր են ի հայտ գալիս։
Կրած վնասը ցույց է տալիս, որ պետք է պատրաստ լինել նման «հարկադիր բոտերի» հարձակումներին։ Սեփական ուժերով դրանցից պաշտպանվելը գրեթե անհնար է, սակայն կարելի է կանխարգելիչ միջոցներ ձեռնարկել ձեր ռեսուրսները և կապիտալները պաշտպանելու համար։
Ինչպե՞ս պաշտպանվել բոտնետ-հարձակումներից
- Բարձրացրեք ձեր կայքի կամ սարքի անվտանգությունը — Պաշտպանեք ձեր բիզնեսը՝ ուժեղացնելով ցանցային ենթակառուցվածքի և ծրագրային ապահովման անվտանգության արձանագրությունները։ Օրինակ՝ միացրեք SSL-հավաստագիրը։ Համոզվեք, որ ձեր համակարգչում տեղադրված են հուսալի հակավիրուս և ֆայերվոլ (firewall)։ Պարբերաբար թարմացրեք բոլոր ծրագրային ապահովումները և օպերացիոն համակարգերը՝ խոցելիություններից պաշտպանվելու համար։ Եթե հավելվածը խնդրում է թարմացվել, կատարեք խնդրանքը. նոր թարմացումներով մշակողները փակում են կիբերհանցագործների կողմից հայտնաբերված խոցելիությունները և բարձրացնում պաշտպանությունը։
- Միացրեք երկփուլանի նույնականացումը — Օգտագործեք 2FA (երկփուլանի նույնականացում)՝ անվտանգության լրացուցիչ մակարդակ ապահովելու համար։ Այս դեպքում, բացի մուտքանունի և գաղտնաբառի մուտքագրումից, օգտատիրոջ սարքին, օրինակ՝ հեռախոսին, կգա միանվագ կոդ մուտքը հաստատելու համար, որը նա պետք է մուտքագրի համակարգ մտնելու համար։ Սա դժվարացնում է հանցագործների համար օգտատիրոջ հաշիվներին կամ սարքերին մուտք ստանալը։
- Խուսափեք կասկածելի կցորդներից և հղումներից — Բոտնետի տարածման համար նախատեսված վնասակար ծրագիրը ամենից հաճախ ուղարկվում է էլեկտրոնային նամակների կցորդների տեսքով կամ ֆիշինգային և վնասակար կայքերի հղումների տեսքով։ Եթե անծանոթ օգտատերից նամակ եք ստացել՝ կցորդ ներբեռնելու խնդրանքով, «դուք վճարում եք ստացել պետությունից», «ձեր հաշիվը պետական ծառայություններում կոտրել են, և պետք է շտապ հաստատել ձեր տվյալները», ոչ մի դեպքում մի անցեք հղումներով և ոչինչ մի ներբեռնեք։
- Լուսաբանեք աշխատակիցներին կիբերանվտանգության թեմայով — Ուսուցանեք աշխատակիցներին՝ ճանաչելու ֆիշինգային էլեկտրոնային նամակները, կասկածելի կցորդները և ոչ անվտանգ հղումները։ Կիբերանվտանգության կանոնավոր դասընթացները և հիշեցումները օգնում են ամրապնդել գիտելիքները և նպաստում են թվային հիգիենայի պահպանմանը՝ ինտերնետում տեղեկություններ փնտրելիս և տվյալների հետ աշխատելիս։
- Վերլուծեք տրաֆիկը — Բոտնետները կարող են մեծ ծավալի վեբ-տրաֆիկ առաջացնել։ Օգտագործեք անալիտիկ գործիքներ (Yandex Metrica, Google Analytics)՝ կայքի այցելությունների կասկածելի և կտրուկ աճերը բացահայտելու համար։ Պարբերաբար վերահսկեք գովազդային տրաֆիկը՝ աննորմալ մեծ քանակությամբ սեղմումների առկայության դեպքում։
- Պարբերաբար թարմացրեք ՕՀ-ն — Քանի որ բոտնետները հաճախ օգտագործում են օպերացիոն համակարգերի խոցելիությունները սարքերը կոտրելու համար, պարբերաբար թարմացրեք համակարգերը՝ պաշտպանության մակարդակը բարձրացնելու համար։
Հետևելով այս խորհուրդներին՝ դուք չեք կարողանա լիովին պաշտպանվել բոտ-հարձակումներից, բայց կարող եք նվազեցնել առնվազն ռիսկերը։
Վերադառնալ բառարանի հիմնական էջ